Բազմակողմանի քննարկումներ Հայաստանում` քիմիական նյութերի ոլորտի առաջին կարգավորման շրջանակին ընդառաջ
Նոյեմբերի 25-ին, Հայաստանի շրջակա միջավայրի կառավարման բարելավման նպատակով, Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, կայացավ երկրի քիմիական նյութերի ոլորտում օրենսդրական շրջանակ մշակելու շուրջ մասնագիտական քննարկում։ Այս հանդիպումը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից է։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) ֆինանսավորմամբ։
Տեխնիկական աջակցությունը նպատակ ունի Հայաստանի քիմիական նյութերի կառավարումը կարգավորող իրավական դաշտը համապատասխանացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններին։
Այս տարի ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնապես դիմել էր քիմիական նյութերի կառավարման ոլորտում առկա երկարամյա օրենսդրական և գործնական բացերը լուծելու համար շրջակա միջավայրի պաշտպանության և հանրային առողջության տեսանկյունից կարևոր տեխնիկական աջակություն տրակմադրելու խնդրանքով։ Այս դիմումին արձագանքելով՝ Շվեդիան, Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության միջոցով, ներգրավեց Շվեդիայի Քիմիական նյութերի գործակալության (KEMI) առաջատար մասնագետների, որոնք հայտնի են Եվրոպայում քիմիական նյութերի կարգավորման ոլորտում իրենց հարուստ փորձառությամբ, ինչպես նաև քիմիական նյութերի և օրենդրական ոլորտի փորձով հայաստանցի փորձագետների։
Քննարկումը մեկ հարկի տակ էր հավաքվել Հայաստանի հիմնական վերահսկողական կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, պաշտպանության և առողջապահության նախարարություններից, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների փորձարկման լաբորատորիայից, Վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչությունից։
Միջդիսցիպլինար քննարկումներն ուղղված էին ինստիտուցիոնալ դերերի հստակեցմանը, կարգավորող բացերի բացահայտմանը և նոր օրենսդրության համար գործնական առաջնահերթությունների ձևակերպմանը։ Մասնակիցները գնահատեցին Հայաստանի քիմիական նյութերի կառավարման ներկա վիճակը, անդրադարձան օրենսդրական շրջանակ մշակելու համար անհրաժեշտ գործնական պահանջներին։ Քննարկվեցին նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով և միջազգայնորեն ստանձնած այլ պարտավորությունները՝ կարևորելով ազգային մակարդակում համակարգված ու արդյունավետ մոտեցման ապահովումը։
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը․ «Քիմիական նյութերի կառավարումը կարևոր է թե՛ մեր շրջակա միջավայրի և թե՛ հանրության առողջության համար։ Հայաստանը դեռ ունի օրենսդրական և կիրառական բացեր այս ոլորտում, և մեր միջազգային գործընկերների հետ այս համագործակցությունը կօգնի ստեղծել կայուն, արդյունավետ և մարդակենտրոն համակարգ։ Մենք երախտապարտ ենք Շվեդիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գործընկերներին՝ իրենց աջակցության համար»։
Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ներկայացուցիչ Սառա Օբերգ Հոփերն, անդրադառնալով Շվեդիայի ներգրավվածությանը, իր հերթին նշեց․ «Բնապահպանական կառավարումը շարունակում է մնալ Շվեդիայի կարևոր առաջնահերթություններից մեկը, և մենք պատրաստակամ ենք կիսվել մեր փորձով՝ աջակցելու քիմիական նյութերի ոլորտում օրենսդրության և կարգավորող համակարգերի բարելավմանը։ «Կանաչ օրակարգ» ծրագիրը հենց այն նպատակով է ստեղծվել, որ աջակցի Հայաստանին և այլ երկրներին իրենց կանաչ անցման գործընթացում ԵՄ չափորոշիչներին մոտենալու գործում։ Շատ ոգևորող է, որ հենց Հայաստանը նախաձեռնեց այս ոլորտում նպատակային աջակցություն ստանալու գործընթացը։ Քիմիական նյութերի արդյունավետ կառավարումը վճռական նշանակություն ունի հանրային առողջության, բնապահպանական պաշտպանության և երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար։ Հայաստանի՝ իր նոր օրենսդրության մշակման ճանապարհին՝ մենք շարունակելու ենք այս համագործակցությունը»։
«Կանաչ օրակարգ՝ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մենեջեր Սոֆյա Ստրայվը գնահատեց ծրագրի համար այս փուլի կարևորությունը. «Այն մեզ հնարավորություն է տալիս սերտորեն աշխատել հայկական հաստատությունների հետ՝ հստակեցնելու ապագա կարգավորող շրջանակի ծավալը, գնահատելու իրագործման պահանջները և ապահովելու, որ ապագա համակարգը լինի իրատեսական, արդյունավետ և համահունչ եվրոպական լավագույն փորձի հետ։ Շվեդիայի KEMI-ի փորձառության ներգրավումը զգալի կշիռ է ավելացնում գործընթացին։ Մեր նպատակն է աջակցել Հայաստանին՝ ստեղծելու ժամանակակից, հստակ և գործունակ իրավական հիմք քիմիական նյութերի կառավարման համար, և այսօրվա քննարկումները այդ ուղղությամբ կարևոր քայլ են»։
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գ. Ամիրխանյանը ավելացրեց․ «Մեր օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերի վերլուծությունը ցույց է տվել, որ մինչ այժմ քիմիական նյութերի կարգավորումները եղել են հատվածական՝ մի շարք կարևոր բացթողումներով։ Մենք կարիք ունենք համակարգային, հիմքային մոտեցման՝ կանխելու շրջակա միջավայրի և հանրային առողջության համար ռիսկերը, որոնք կարող են առաջանալ քիմիական նյութերի և դրանց ոչ պատշաճ կառավարման բացերից։ «Կանաչ օրակարգ» ծրագիրն այս խնդիրներով զբաղվելու հնարավորություն է»։
«Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի թիմը, շրջակա միջավայրի նախարարությունը, շվեդական գործընկերները և տեղական փորձագետները սերտորեն կհամագործակցեն՝ համապարփակ կարգավորող համակարգի նախագծի մշակման գործում առաջընթաց գրանցելու նպատակով՝ ավելի կանաչ, կայուն և ապահով ապագա հաստատելու համար։