News
21 Apr, 2026

Հայաստանն ուժեղացնում է կենսաբազմազանության իր օրակարագը՝ COP17-ին ընդառաջ․ ինչո՞ւ է սա կարևոր

Photo

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովից՝ COP17-ից ամիսներ առաջ Հայաստանը շրջակա միջավայրի համաշխարհային համատեքստում կարևորագույն քայլ արեց։ Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Նագոյայի արձանագրության վավերացման մասին օրենքը՝ վերահաստատելով երկրի հանձնառությունը իր գենետիկական պաշարները պաշտպանելու և դրանց օգտագործումից բխող առավելություններին հավասար և արդար մոտենալու գործում։

Այս որոշումը ուժեղ ազդակ էր, որ կենսաբազմազանությունը լուսանցքային հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի, թե ինչպես են երկրները կառավարում ազգային հարստությունը, պաշտպանում ավանդական գիտելիքը, ներգրավում ներդրումները և զարգացնում ապագայի համար դիմակայունություն։ 

Բայց այն նաև խորը անձնական հարց է։ Համաժողովի սրահներից և քաղաքականության փաստաթղթերից այն կողմ՝ կենսաբազմազանությունը Հայաստանում ձևավարում է առօրյա կյանքը այն ճանապարհներով, որոնք զգացնել չեն տալիս մինչ անհետանալը։

Երբ մարդիկ խոսում են կենսաբազմազանության կորստից, նրանք հաճախ պատկերացնում են հեռվում մի տեղ անհետացող հազվադեպ հանդիպող կենդանատեսակներ։ Մինչդեռ առաջինն անհետացող երևույթները շատ ավելի մոտ են և ավելի լուռ։

  • Ծանոթ սունկը այլևս չի աճում այնտեղ, որտեղ սովորաբար հանդիպում էր։

  • Գարնանն այգիներում ավելի քիչ մեղուներ են հանդիպում։

  • Անտառները դեռ կանաչ տեսք ունեն, բայց ինչ-որ բան այն չէ։ 

  • Լանդշաֆտը դեռ ծանոթ է, սակայն դրա հիմքում ընկած հավասարակշռությունը սկսվում է խախտվել 

Կենսաբազմազանության շուրջ հաճախ թյուրընկալում կա՝ իր մասշտաբների պատճառներով․ բացատրում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ Արսեն Գասպարյանը։ Կենտրոնը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի իրականացնող գործընկերն է Հայաստանում։  Գասպարյանը նշում է, որ կենսաբազմազանությունն իր մեջ ընդգրկում է ամեն ինչ՝ գենետիկ բազմազանությունից մինչև էկոհամակարգեր։ 

Իր խորքում կենսաբազմազանությունը աբստրակտ գիտական եզրույթ չէ, այլ մեր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքերի բազմազանությունը՝ ամենափոքր բակտերիայից և վիրուսներից մինչև կաղնիներ, հովազներ, նրանց գեներ և ամբողջական էկոհամակարգեր։ 

Փորձագետի խոսքով՝ այս միտքը մարդկանց հասցնելը նշանակում է ցույց տալ ոչ միայն անտառները, այլև թե ինչպես են դրանք գործում և ինչ ազդեցություն ունեն մեր առօրյա կյանքի վրա։ Շատ հայաստանցիներ սիրում են ժամանակ անցկացնել Դիլիջանի ազգային պարկում, և այն ավելի մոտ դիտարկումը ցույց է տալիս, թե որքան բարդ են այնտեղի անտառային էկոհամակարգերը։ «Հողի վրա աճող սնկերը, ծառերի բներին կպած մամուռներն ու քարաքոսերը գույն ու կյանք են հաղորդում շրջապատին,– ասում է Արսեն Գասպարյանը։ - Կարող ենք նաև տեսնել մանր միջատների թաքնված աշխարհը, իսկ գլուխներս բարձրացնելիս նկատել՝ ինչպես են թռչունները բներ կառուցում»։

«Այս ամենը, հաճարենու, բոխիի և կաղնու նման բազմազան ծառատեսակների հետ միասին, ձևավորում է բարդ անտառային էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է։ Նույնիսկ ամենափոքր տեսակների կորուստը կարող է խաթարել մի ամբողջ էկոհամակարգի հավասարակշռություն», - նշում է նա։

Եվ այդ անհավասարակշռության մեկտեղ փոփոխություններ են տեղի ունենում նաև առօրյա կյանքում, ընդգծում է Գասպարյանը․ «Մեղուների նման փոշոտողների թվի նվազումը ազդում է գյուղատնտեսական արտադրության վրա, մինչդեռ մարդկանց կողմից ավանդաբար հավաքվող վայրի բուսատեսակների կորուստը հանգեցնում է գյուղական համայնքների համար սննդի և դեղորայքի նվազմանը։ Դեգրադացված էկոհամակարգերը նաև մեծացնում են առողջական ռիսկերը, քանի որ դրանք կարող են նպաստել տարբեր հիվանդությունների տարածմանը»։

Անտառները ապահովում են մաքուր օդ, հանգստի և վերականգնման հնարավորություններ, ինչպես նաև կարևոր դեր ունեն կլիմայի կարգավորման մեջ։ «Երբ անտառները վնասվում են ապօրինի կամ անկայուն ծառահատումների հետևանքով, մենք կորցնում ենք այդ օգուտները և բախվում լուրջ հետևանքների՝ ջրհեղեղների, սողանքների և ծայրահեղ եղանակային երևույթների տեսքով, որոնք Հայաստանն արդեն իսկ զգացել է, - նշում է Գասպարյանը։ - Քաղաքային միջավայրում կանաչ տարածքները, քաղաքային ծառերն ու մյուս կենսատեսակները նպաստում են օդի աղտոտվածության նվազեցմանը, ջերմաստիճանի կարգավորմանը, անձրևաջրերի կառավարմանը, ինչպես նաև մեր հոգեկան և ֆիզիկական բարեկեցությանը»։

Ճանաչումից՝ գործողություն

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում և «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում Գասպարյանն աշխատում է գիտության և քաղաքականության խաչմերուկում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս փորձագետներին որոշում կայացնողներին ներկայացնել «ապացույցների վրա հիմնված առաջարկներ», որպեսզի կենսաբազմազանության վերաբերյալ հետազոտությունները վերածվեն իրական քայլերի։

Իր աշխատանքում Գասպարյանը տեղի որոշում կայացնողներին ներկայացնում է հայկական կենսաբազմազանության կարևորությունը երկրի և հասարակության համար։ ««Կանաչ օրակարգը» օգնում է գիտելիքը գործի վերածել՝ միավորելով հետազոտողներին, ուսանողներին, համայնքներին և քաղաքականություն մշակողներին ընդհանուր պահպանության նպատակների շուրջ»,– նշում է նա։

Այս աշնանը Հայաստանը հնարավորություն ունի աշխարհին ներկայանալու որպես «կենսաբազմազանության գլոբալ թեժ կետ», երբ քաղաքականություն մշակողները հավաքվեն Հայաստանում՝ մասնակցելու կենսաբազմազանության COP17 համաժողովին։ Գասպարյանի խոսքով՝ սա իսկապես նշանակալի պահ է։ COP17-ը Հայաստանին տալիս է եզակի հնարավորություն աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 10,000 մասնակիցների ներկայությամբ հանդես գալու «կենսաբազմազանության գլոբալ օրակարգը կյանքի կոչող առաջնորդի դիրքերից»։

Նագոյայի արձանագրության վավերացումն այս պահին հաղորդում է լրացուցիչ նշանակություն։ Այն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը COP17-ին ընդառաջ և արտացոլում է այն գիտակցումը, որ կենսաբազմազանությունը միայն պահպանելու մասին չէ, այն նաև պահանջում է պատասխանատու, արդար և հանրային շահին համահունչ կառավարում։

COP17-ը նաև կստեղծի ուսման և փորձի փոխանակման նոր հնարավորություններ․ «Ուսանողներն ու երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան շփվելու աշխարհի առաջատար գիտնականների, քաղաքականություն մշակողների և ոլորտի փորձառու մասնագետների հետ»։

Մյուս քաղաքացիները կզգան «կենսաբազմազանության COP»-ի շրջանակում երկիր ժամանած մեծ թվով մասնակիցների այցելության տնտեսական ազդեցությունը։ Նաև նրանք ավելի հստակ կընկալեն, թե կենսաբազմազանությունն ինչու է կարևոր իրենց առօրյա կյանքի համար։

«Միայն մի քանի շաբաթում հնարավոր չէ բարձրացնել հանրության իրազեկվածությունը,– նշում է Գասպարյանը՝ ընդգծելով երկարաժամկետ կրթության և հետևողական աշխատանքի կարևորությունը»։ Այս համատեքստում COP17-ի «Կանաչ գոտին», որը բաց է բոլոր այցելուների համար, առանցքային դեր կունենա՝ նրանց համաշխարհային նախաձեռնությունների հետ անմիջական շփվելու և դրանց մասնակցելու հնարավորություն տալով։

Գասպարյանի համար՝ COP17-ի միայն սկիզբն է։ Դրա իրական հաջողությունը կախված է, թե ինչ կհետևի համաժողովին, արդյոք կենսաբազանությունը կմնա ազգային առաջնահերթություն, երբ համաշխարհային ուշադրությունը շեղվի։  Սեղանին ոչ միայն բնությունն է, այլև համակարգերը, որոնք սպասարկում են Հայաստանի առօրյա կյանքը և դրանից դուրս։