News
20 Sep, 2024

«Կանաչ օրակարգը» մեկնարկում է ազգային գնահատման փուլը Հայաստանի համար

The Green Agenda team launches the national assessment phase for Armenia's green transition roadmap development. Photo: Nazenik Saroyan / SEI«Կանաչ օրակարգ» ծրագրի թիմը մեկնարկում է Հայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակման Ազգային գնահատման փուլը։ Լուսանկարը՝ Նազենիկ Սարոյանի

«Կանաչ օրակարգի» թիմը նշանակալի առաջընթաց է գրանցել նախորդ շաբաթ՝ սկսելով Հայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի Ազգային գնահատման փուլը։ Երևանում անցկացված քննարկումները միավորել էին «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի թիմի հիմնական միջազգային և ազգային փորձագետներին։

Այս ծրագիրը ներառում է մի շարք կարևոր քայլեր։ Առաջին հերթին, այն վերլուծում է Հայաստանի ներկա վիճակը և գնահատում, թե որքանով է հասարակությունը պատրաստ անցնելու էկոլոգիապես ավելի մաքուր գործելակերպերի։ Այն նաև դիտարկում է, թե որքան արդյունավետ են պետական մարմինները համագործակցում և հաղորդակցվում շահագրգիռ կողմերի հետ։ Եվ վերջապես, մոդելների միջոցով կանխատեսում է կլիմայական չեզոքության ապահովման սոցիալական և տնտեսական հետևանքները՝ նպատակ ունենալով, որ անցումը լինի սահուն և արդյունավետ բոլորի համար։

«Կանաչ օրակարգի» թիմը ներկայացրեց ծրագրի hավակնոտ նպատակները և տարբեր ոլորտների, այդ թվում` կլիմայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, կենսաբազմազանության և խելացի շարժունակության ավագ փորձագետների հետ կիսվեց հիմնական արդյունքներով։ Փորձագետներին համառոտ ներկայացվեց գնահատման մոտեցումները, մեթոդաբանությունները, և ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են այս փուլում։

«Հայաստանի թիմի հարուստ փորձառությունը մեզ թույլ է տալիս մանրամասն մշակել Ազգային Գնահատումը։ Մեր նպատակն է իրատեսական և կիրառելի առաջարկություններ ներկայացնել, որով կաջակցենք Հայաստանի կանաչ անցմանը: Մեր ծրագիրն օգտագործում է մասնակցային մեթոդներ՝ ապահովելով մանրակրկիտ խորհրդատվություններ յուրաքանչյուր փուլում՝ երկրի կանաչ նպատակները հստակեցնելու համար»,- ասաց Գաբոր Շնայդերը, Ստոկհոլմի բնապահպանական ինստիտուտում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի «Կանաչ օրակարգ» ծրագրի ղեկավարը։

Ինչո՞ւ է այս գործընթացը կարևոր Հայաստանի համար

Ազգային գնահատումը սոսկ ռազմավարական վարժանք չէ, այլև Հայաստանի կայուն ապագան ապահովելուն ուղղված կարևոր քայլ։ Բնությամբ հայտնի այս երկիրը զգալի ազդեցություններ է կրում կլիմայի փոփոխություններից՝ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ բնակչության վրա՝ ինչը կարող է խոչընդոտել տնտեսական աճին։ Կանաչ անցումը կայունության բանալին է, որը նաև նշանակալի առավելություններ է խոստանում իր քաղաքացիների համար։

Հայաստանի բնակչության համար այս անցումը նշանակում է ավելի մաքուր օդ, նվազ աղտոտվածություն, առողջ սնունդ, և ավելի բարեկարգ հանրային առողջապահություն։ Այն ճանապարհ կհարթի վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով էներգետիկ կայունության համար, հետևաբար նաև նվազեցնելով ներմուծվող վառելիքից կախվածությունը։ Ավելին, այն կստեղծի նոր աշխատատեղեր նոր, կանաչ արդյունաբերություններում, խթանելով տեղական տնտեսությունները։

«Հայաստանն այժմ կարևոր կետում է։ Այն ընտրությունները, որոնք մենք կանենք այսօր, կձևավորեն ապագա սերունդների կյանքի որակը։ Կանաչ օրակարգի որդեգրումը ոչ միայն բնապահպանական կառավարման մասին է։ Այն միտված է կայուն ու բարգավաճ երկիր կառուցելուն»,-ասաց Կարինե Թասլաքյանը, «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի ազգային համակարգողը։

Լուծելով հիմնական մարտահրավերները

Հայաստանը կանգնած է էական բնապահպանական խնդիրների առաջ, այդ թվում՝ ջրհեղեղները, անտառահատումը, ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերները և օդի աղտոտվածությունը։ Ազգային գնահատումը ընդգրկուն խորհուրդներ կառաջարկի այս և այլ խնդիրներ լուծելու և քաղաքականություն մշակողներին իրենց ապագա որոշումներում ուղղորդելու համար։

«Ազգային գնահատման մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանի հրատապ բնապահպանական խնդիրներին ուղիղ լուծում տալն է: Տալով համապարփակ, գնահատման վրա հիմնված խորհուրդներ, մենք կարող ենք առաջարկել այս խնդիրները մեղմացնելու լավագույն ռազմավարությունները՝ վստահ լինելով, որ երկրի կայուն զարգացման ուղին կլինի արդյունավետ և գործուն»,- ասաց Իվանա Միյատովիչը, «Կանաչ օրակարգ» ծրագրի հայաստանյան ղեկավարը։

«Կանաչ անցումն անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Եվրոպական միության հեռանկարներին համապատասխանելով՝ մենք ոչ միայն զարգացնում ենք մեր շրջակա միջավայրը, այլև դիրքավորում Հայաստանը որպես համագործակցող և առաջադեմ գործընկեր համաշխարհային հարթակում՝ արտահանման ներուժով դեպի ավելի բարձրակարգ շուկաներ, որոնք պահանջում են բնապահպանական և կայունության չափանիշների պահպանում»,- նշեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը։

Հայաստանի կանաչ օրակարգի այս փուլն ընդգծում է երկրի հանձնառությունը՝ հասկանալու ներկա իրավիճակը և մշակելու իրատեսական առաջարկներ համագործակցային ջանքերով կայուն ապագայի համար:

Շահառուների ներգրավումը

Հայաստան կատարած այցի ընթացքում «Կանաչ օրակարգի» թիմը հանդիպեց ծրագրի հիմնական շահառուներին, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչներին և ԵՄ պատվիրակությանը՝ նպատակ ունենալով քննարկել կանաչ անցման համար երկրի առաջընթացն ու առաջնահերթությունները։

Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը կարևորեց ենթակառուցվածքային հիմնական բացերի լուծման անհրաժեշտությունը վերականգնվող էներգիայի լուծումների ընդլայնման համար՝ ընդգծելով էներգիայի պահեստավորման հնարավորությունների և ցանցային բարելավումների անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում էր նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների ինտեգրման անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության մաս։

ԵՄ պատվիրակությունը վերահաստատեց իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կանաչ անցմանը։ Առանցքային ուղղություններն ընդգրկում էին ենթակառուցվածքների կլիմայական դիմակայունությունը, թափոնների կառավարումը, շրջանաձև տնտեսությունը և կենսաբազմազանությունը՝ նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրի կայունության համապարփակ մոտեցում։