News
06 Aug, 2024

Հայաստանի մարտահրավերների հասցեագրումը կանաչ տնտեսության միջոցով․ փորձագետի տեսակետը երկրի՝ կլիմայական չեզոքության ճանապարհի մասին

Photo

Ալեն Ամիրխանյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ընդունում է «Կանաչ օրակարգ» ծրագրի ղեկավար թիմին։ Լուսանկարը՝ Իլոնա Կազարյանի / SEI

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները նոր փուլ են մտնում պայմանավորված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտից։

Այս համագործակցությունը Հայաստանի համար մեծ քայլ է դեպի կայուն ապագա, որում Հայաստանը պատրաստ է համապատասխանեցնել իր տնտեսությունը ԵՄ կլիմայական նպատակներին և հասնել կլիմայական չեզոքության մինչև 2050 թվականը, ինչպես նախանշված է «Եվրոպական կանաչ գործարքում»։

«Կանաչ գործարքը» Եվրոպական հանձնաժողովի առաջադրած հավակնոտ ճանապարհային քարտեզն է, որի նպատակն է մինչև 2050 թվականը ԵՄ-ը տարածքը դարձնել կլիմայապես չեզոք։ Հայաստանի համար՝ որպես ԵՄ-ի հետ փոխկապակցված պետության, սա հիանալի հնարավորություն է ինտեգրվելու կայունությանն ու նորարարությանը ձգտող համաշխարհային շարժմանը։

Այս ճանապարհին Հայաստանին աջակցելու համար ստեղծվել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը, որն օժանդակելու է տնտեսական բարեփոխումներին՝ ապահովելով Հայաստանի տնտեսության համապատասխանությունը կլիմայական հավակնոտ նպատակներին։ Ծրագիրը ղեկավարում է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI) և ֆինանսավորում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (Sida)։

Մենք զրուցել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ այն մասին, թե ինչ է նշանակում Հայաստանի համար հասնել կլիմայական չեզոքության։

«Եվրոպական կանաչ գործարքին» և «Կանաչ օրակարգին» հավատարիմ լինելը Հայաստանին եվրոհամայնքի ծրագրերի միջոցով տալիս է հասանելիություն լայնածավալ ֆինանսավորման և ռեսուրսների՝ ստեղծելով հնարավորություններ կարողությունների զարգացման, շուկաների ընդլայնման, ինչպես նաև նոր արտադրատեսակների ու ծառայությունների ձևավորման համար։

«Կանաչ տնտեսությունն ընդգրկում է բոլոր ոլորտները՝ սկսած հանքարդյունաբերությունից և գյուղատնտեսությունից մինչև տրանսպորտ և էներգետիկա»,-նշում է Ալեն Ամիրխանյանը։ «Այն ձգտում է հավասարակշռել շրջակա միջավայրի և սոցիալական կայունությունը՝ միևնույն ժամանակ ստեղծելով հնարավորություններ տնտեսական աճի և զարգացման համար»։

Ամիրխանյանը մատնանշում է, որ թեև Հայաստանը կլիմայական չեզոքության հասնելու ճանապարհին մեծ իմաստով չի տարբերվում մյուս երկրներից, այդուհանդերձ այն առերեսվում է ուրույն մարտահրավերների։ Դեպի կանաչ տնտեսություն և կլիմայական չեզոքություն տանող ճանապարհին այս մարտահրավերների հասցեագրումը Հայաստանին ընձեռում է նոր հնարավորություններ։ Որպես օրինակ նշենք այն, որ երկիրը ներկրում է իր էներգիայի 94 տոկոսը (ներառյալ միջուկայինը)։ Այս պարագայում Հայաստանը շահում է կայուն էներգիայի լուծումներից, որոնք կառաջնորդեն այն դեպի ածխածնազերծում և էներգետիկ անվտանգություն:

Դեռ ավելին, կլիմայական հարմարվողական ուղղությամբ դրական քայլերը կարող են բարելավել պարենային անվտանգության մակարդակը, չնայած որ դեռևս կլինեն որոշ խոչընդոտներ, ինչպիսիք են` ջրի և թափոնների կառավարումը, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։ Ավելի կայուն ենթակառուցվածքներին, տեխնոլոգիաներին և գործելակերպին անցումը թեև կարող է դժվարություններ առաջացնել, սակայն այն թույլ կտա երկրին գնալ նորարարությունների և մեծացնել դիմակայունությունը։

Կանաչ տնտեսությունը խորքային իմաստով առնչվում է շատ ավելիին, քան զուտ բնապահպանական խնդիրներին։ Ամիրխանյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, որ կանաչ տնտեսության հիմքը տնտեսությունն է, և կանաչ տնտեսությանն անցնելը շահեկան է թե՛ շրջակա միջավայրի, թե՛ տնտեսության համար։ Թեև հնարավոր է, որ որոշ փոքր խմբեր ստիպված լինեն հավելյալ ջանքեր գործադրել՝ այս փոխակերպմանը հարմարվելու համար, սակայն հասարակությունը և Հայաստանի տնտեսությունը միայն կշահեն։

Կանաչ տնտեսության հաջող անցումը պահանջում է պետության, բիզնեսի, քաղաքացիների և քաղհասարակության համատեղ աշխատանք: Առանցքային է պետության դերը հստակ օրենքներ ընդունելու, բարենպաստ քաղաքականություն վարելու, միջազգային համագործակցություններ ստեղծելու, ինչպես նաւ գիտելիքահեն տնտեսության համար ճյուղեր սահմանելու առումով՝ խրախուսելով էկոլոգիապես անվտանգ բիզնես լուծումները։

«Բիզնես ոլորտի ներկայացուցիչները ևս մեծ դեր ունեն և կարող են շահել ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարներում»,- ընդգծում է Ամիրխանյանը։ «Բոլոր կանխատեսումները մատնանշում են, որ տարածաշրջանն առերեսվելու է ջրի սակավության խնդրին, որից անմասն չի մնա նաև Հայաստանը։ Բիզնեսի ներկայացուցիչները պետք է հասկանան, թե սա ինչ է նշանակում գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքարդյունաբերության ու նման այլ ոլորտների համար, նաև հաշվի առնեն, թե գալիք 20-30 տարիների ընթացքում տեղումների և գոլորշիացման աճի հետևանքով տեղի ունեցող փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կունենան նշված ոլորտների վրա»։

Իր հերթին, քաղաքացին կարող է ձեռք բերել բնության համար առավել անվնաս սովորություններ՝ խնայողաբար օգտագործելով ջուրը և էներգիան, գնումներ կատարելով գիտակցված՝ խուսափելով վնասակար քիմիկատներից և օգտագործելով դրանց կայուն փոխարինիչները։ Իրազեկվածության բարձրացումն առանցքային է և կարող է իրականացվել արտադրատեսակների մակնշման, տեղեկատվական արշավների և կրթության միջոցով։ Ամիրխանյանը նաև ընդգծում է այս ջանքերում քաղաքացիական հասարակության դերը։ Ոչ պետական հատվածը ոչ միայն պետք է հանդես գա ի պաշտպանություն փոփոխության, այլ նաև ներգրավվի իրազեկվածության բարձրացման արշավներում՝ կանաչ տնտեսությանն անցման գործընթացն արագացնելու լուծումներ առաջարկելով։

Դեպի կանաչ տնտեսության պատշաճ անցումն ապահովելու համար առանցքային է չափելիությունը։ Ամիրխանյանը նշում է, որ տնտեսության փոխակերպմանը կարելի է հետևել մի շարք ցուցանիշներ չափելով։ Նման ցուցանիշներից է, օրինակ՝ էներգիայի ինտենսիվությունը, որը չափում է ՀՆԱ գոյացման համար ծախսված էներգիան։ Նույնպիսի ցուցանիշներ են մեկ միավոր տնտեսական արդյունքի ստացումից առաջացող ածխածնի երկօքսիդի արտանետումների և օգտագործվող ջրի ծավալը։

Եվրոպան սահմանել է միասնական եվրովճարային տարածքի (CEPA) բազմաթիվ թիրախներ, որոնք ծառայում են որպես ուղենիշ իրենց գործելակերպը եվրոհամայնքի երկրների գործելակերպին համահունչ դարձնել ձգտող երկրների համար։

Ամփոփելով՝ Ամիրխանյանն ընդգծում է, որ Հայաստանն արդեն աշխատում է «Եվրոպական կանաչ գործարքին» համահունչ նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից են օրինակ՝ EU4Sevan-ը, EU4Environment-ը, ջրային ոլորտի կառավարման նոր ջանքերը, ինչպես նաև էներգախնայողության և էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը: Ամիրխանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է արագացնել այդ ջանքերը։

«Մեր քաղաքացիները օր օրի ավելի իրազեկ են դառնում։ Օրգանական և կայուն լուծումները նպաստավոր են ոչ միայն մարդու առողջության, այլև շրջակա միջավայրի համար։ Այս փոխակերպումն արդեն մեկնարկել է Հայաստանում, և ես հույս ունեմ, որ ավելի կենտրոնացած ջանքերով մենք կկարողանանք գալիք 10-15 տարիներում զգալի արդյունքների հասնել»։

«Կանաչ օրակարգ» ծրագիրը նպատակ ունի օգնելու Հայաստանին մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության։ Ծրագիրը կազմելու է երկրի՝ կանաչ տնտեսությանն անցման պատրաստվածության գնահատման զեկույց, ստեղծելու է կլիմայական չեզոքության հասնելու մանրամասն ճանապարհային քարտեզ, իրականացնելու է իրազեկման արշավներ և տրամադրելու է թիրախային տեխնիկական աջակցություն ու կարողությունների զարգացում։