News
21 Dec, 2023

«Կանաչ oրակարգ» ծրագիր․ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի

Photo

ՀՀ կառավարությունը՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային ղեկավար կոմիտեի գործունեությունը։

Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը ներդաշնակեցնելու է «Եվրոպական կանաչ գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ օրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափանիշներին։

Ծրագրի մեկնարկի ազդարարմանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավորությամբ անցկացվող Ազգային ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստին ներկա էին առանցքային շահագրգիռ կողմեր, պետական պաշտոնյաներ և միջազգային հանրության ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, դիմելով ներկաներին, կարևորեց ծրագրի կարևորությունը. «Հայաստանը գտնվում է վերափոխման շեմին։ Մեր բնապահպանական իրազեկությունն ընդլայնվում է, սակայն մենք շարունակում ենք բախվել զգալի մարտահրավերների, ներառյալ աղտոտումը, թափոնների կառավարումը և անտառահատումները: Սրանք այն հրատապ խնդիրներն են, որոնք մենք եռանդորեն ձգտում ենք լուծել: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ մեր մոտեցումը պետք է հաշվի առնի կայունությունը: «Կանաչ օրակարգը» վճռորոշ ճանապարհային քարտեզ է, որը նախատեսված է մեր քաղաքացիների համար ավելի առողջ միջավայր մշակելու, մեր բնական ռեսուրսներն ավելի արդյունավետ կառավարելու և, ի վերջո, մեզ տանելու դեպի էկոլոգիապես ավելի բարենպաստ Հայաստան»:

Ազգային Ղեկավար Կոմիտեի նիստին ներկա գտնվողներին ուղերձ փոխանցվեց նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնից․ «Շվեդիայի համար առաջնահերթություն «Կանաչ Օրակարգը» անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար, որտեղ ավելի էկոլոգիապես մաքուր տնտեսությունը կարող է միաժամանակ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը, խթանել կայուն աճը և ստեղծել աշխատատեղերի նոր հնարավորություններ։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի տնտեսության անցումը ավելի կանաչ գործելակերպի իրենից ներկայացնում է ոչ միայն խելամիտ քաղաքական որոշում, այլև ռազմավարական տեսլական, որը խոստանում է արդար և ներառական առաջխաղացում դեպի կայուն, զրոյական արտանետումներով և էկոլոգիապես պատասխանատու տնտեսություն»:

Ներկաներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովում շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը նշել է․ «Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագան անհրաժեշտություն է, որի նախադրյալները մենք հիմնում ենք այսօր: Որդեգրելով կայուն քաղաքականություն և գործիքակազմ՝ Հայաստանն իր քաղաքականությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ ձգտելով բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ»։

Հարցերի և հարցազրույցների համար․

Իլոնա Կազարյան,  Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի Հաղորդակցության և ազդեցության ավագ պատասխանատու

SEI, +46 722 19 96 43, [email protected]

«Կանաչ օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին

Հայաստանյան գործընկեր ADWISE Consulting-ի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ Օրակարգ» ծրագիրը հանդիսանում է կլիմայական քաղաքականության, շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների խթանման տարածաշրջանային նախաձեռնության մաս: Կենտրոնանալով եվրոպական չափանիշների որդեգրման վրա՝ այս ծրագիրը միտված է խթանելու ավելի կանաչ տնտեսության անցումը և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարումը։

2023-2026 թթ. ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրի նպատակները ներառում են կլիմայի չեզոքության ճանապարհային քարտեզի մշակում, ներդրումների համար պատրաստի նախագծերի մշակում, կանաչ տնտեսության առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում և կանաչ տնտեսությանը անցնելու համար շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում: