COP17-ին ընդառաջ․ ո՞վ է օգուտ քաղում Հայաստանի կենսաբազմազանությունից
Լուսանկարը՝ Վիկտորիա Բիլ / SEI
Իլոնա Կազարյան, Իվանա Միյատովիչ
Հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 19-ին, երբ Երևանում կմեկնարկի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կհայտնվի հարցը, թե ինչպես են երկրները պաշտպանում բնությունը։ Հայաստանի համար՝ որպես հյուրընկալ երկրի, նույնքան կարևոր կլինի մեկ այլ հարց, թե ինչպե՞ս կարող է իր կենսաբազմազանությունը օգուտ բերել տեղական համայնքներին, երկրին և դրա սահմաններից դուրս։
Հայաստանում Նագոյայի արձանագրության իրականացման ճանապարհային քարտեզը գիտական համագործակցությունը համարում է առանցքային հնարավորություններից մեկը։ Այն կարող է ներառել վերապատրաստումներ, տեխնոլոգիաների հասանելիություն և հետազոտությունների արդյունքների փոխանակում։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ընդունված արձանագրությունը սահմանում է, թե ինչպես պետք է ապահովվի գենետիկական ռեսուրսների հասանելիությունը և բաշխվեն դրանց օգտագործումից ստացվող օգուտները։ Ճանապարհային քարտեզը, սակայն, արձանագրում է, որ Հայաստանում դեռևս չկա այդ օգուտներն ապահովող համապարփակ իրավական դաշտ։ Արձանագրության մասին իրազեկվածությունն էլ սահմանափակ է նույնիսկ այն հետազոտողների շրջանում, որոնց աշխատանքին այն անմիջականորեն առնչվում է։
Ճանապարհային քարտեզի նպատակն է աջակցել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությանը՝ ամրապնդելու երկրի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը։ Աշխատանքը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (Sida)։ Հայաստանում այն իրականացնում է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) գործընկեր Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն։
COP17-ի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի նաև Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը։ Ճանապարհային քարտեզը կոչ է անում մինչև այդ հանդիպումը սահմանել հիմնական կանոններն ու ձևավորել անհրաժեշտ կառույցները՝ դրանով ցույց տալով, որ Հայաստանը լրջորեն է վերաբերվում արձանագրությամբ ստանձնած պարտավորություններին։
Ավելին քան ապագա շահույթից մասնաբաժին
Նագոյայի արձանագրությունը կոչված է ապահովելու գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների ավելի արդար բաշխումը։ Այն վերաբերում է բույսերից, կենդանիներից և միկրոօրգանիզմներից ստացվող նյութերին, որոնց գենետիկական կամ կենսաքիմիական հատկությունները կարող են ուսումնասիրվել և օգտագործվել։ Պարզ ասած՝ երբ հետազոտության կամ առևտրային գործունեության ընթացքում օգտագործվում են այդ ռեսուրսները, դրանք տրամադրող երկրները նույնպես պետք է ստանան օգուտի իրենց բաժինը։
Արձանագրությունն անդրադառնում է նաև գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքին և այդ գիտելիքը կրող բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների իրավունքներին։
Գործնականում ռեսուրսների հասանելիությունն ու օգուտների բաշխումը հիմնվում են երկու հիմնական բաղադրիչի վրա։ Առաջինը նախապես ստացված թույլտվությունն է՝ «նախնական տեղեկացված համաձայնությունը»։ Երկրորդը ռեսուրսների օգտագործման և օգուտների բաշխման պայմանները սահմանող համաձայնությունն է՝ «փոխադարձ համաձայնեցված պայմանները»։
Ճանապարհային քարտեզի համաձայն՝ Հայաստանի համար արձանագրության գործնական արժեքը մեծապես այն է, որ երկրի գիտական հաստատությունները կարող են հանդես գալ որպես հետազոտության լիարժեք գործընկերներ՝ միայն նյութ տրամադրելու փոխարեն։ Պատկերացնենք՝ արտասահմանյան համալսարանը ցանկանում է ուսումնասիրել Հայաստանում հավաքված բույսի կենսաքիմիական հատկությունները։
Գործընկերները կարող են պայմանավորվել, որ հայ հետազոտողները կմասնակցեն ուսումնասիրության նախագծմանն ու իրականացմանը, կվերապատրաստվեն լաբորատոր մեթոդների կիրառման հարցում և հասանելիություն կունենան ստացված տվյալներին։ Համաձայնությամբ կարող են սահմանվել նաև նմուշներն այլ լաբորատորիա փոխանցելու պայմանները և հետագա քայլերը, եթե հետազոտությունը հետագայում ստանա առևտրային ուղղվածություն։
Այսպիսի պայմանավորվածությունների դեպքում օգուտները պակաս կախված կլինեն նրանից, թե հետազոտության արդյունքում արդյոք վաճառքի ենթակա արտադրանք կստեղծվի։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, հայ հետազոտողներն ու նրանց հաստատությունները կարող են ձեռք բերել նոր հմտություններ, գիտելիք և երկարաժամկետ գիտական գործընկերություններ։ Հայաստանում գործող կանոնակարգը դեռևս ամբողջությամբ չեն կարգավորում նման հարաբերությունները։
Նմուշներ հավաքելու թույլտվությունը բավարար չէ
Ճանապարհային քարտեզը բացեր է արձանագրում ռեսուրսների հասանելիության ընթացակարգերում, համայնքների համաձայնությունը ստանալու մեխանիզմներում, պայմանագրային պահանջներում, օգուտների բաշխման ֆինանսական մեխանիզմներում և պահանջների կատարման վերահսկողության մեջ։ Առանձին ոլորտները կարգավորող օրենքներում մասնակի փոփոխություններ կատարելը բավարար չի լինի այդ բացերը լրացնելու համար։
Կարևոր է տարբերակել նյութ հավաքելու թույլտվությունը և դրա հետագա օգտագործման պայմանները։ Ո՞վ կարող է օգտագործել նմուշը։ Կարելի՞ է այն փոխանցել մեկ այլ կազմակերպության։ Ի՞նչ պետք է տեղի ունենա, երբ ոչ առևտրային հետազոտությունը դառնում է առևտրային։ Ո՞ւմ պետք է հասնեն հետազոտության արդյունքներն ու մյուս օգուտները։
Ճանապարհային քարտեզը բաց է արձանագրում նաև գենետիկական տեղեկատվության օգտագործման կարգավորման մեջ։ Գործող կանոնները վերաբերում են բույսերի, կենդանիների և սնկերի ֆիզիկական նմուշների հետ կապված գործունեությանը, սակայն չեն կարգավորում այդ նմուշներից ստացված գենետիկական տեղեկատվության օգտագործումը։ Առաջարկվում է տարբերակել ֆիզիկական նմուշների հասանելիությունն ու դրանցից ստացված գենետիկական տեղեկատվության օգտագործումը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով հստակ պահանջներ։
Հստակ կանոնները կպաշտպանեն ռեսուրսները տրամադրողների շահերը և միաժամանակ օգտակար կլինեն հետազոտողների ու բիզնեսների համար։ Երբ պարզ է, թե ինչ թույլտվություններ են անհրաժեշտ և ինչ պայմաններ պետք է ներառի համաձայնությունը, անորոշությունը նվազում է, իսկ օրինական համագործակցությունը դառնում է ավելի դյուրին։
Տեղական գիտելիքը չի կարելի պարզապես վերցնել ու օգտագործել
Գիտական հետազոտության հիմքում կարող է լինել լաբորատորիայից դուրս ձևավորված գիտելիքը, օրինակ՝ թե ինչի համար է օգտագործվում որևէ բույս, որտեղ է այն աճում կամ երբ պետք է հավաքել։ Ճանապարհային քարտեզում այդ գիտելիքի պաշտպանությունը դիտարկվում է որպես օգուտների բաշխման իրավաչափ համակարգի առանցքային բաղադրիչ, այլ ոչ թե կամընտրական հավելում։
Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչպես ապահովել ավանդական գիտելիքի օգտագործման համար իրավաչափ նախնական տեղեկացված համաձայնության ստացումը։ Տեղական իշխանության հետ խորհրդակցելը դեռ չի նշանակում խորհրդակցում այդ գիտելիքը կրող մարդկանց հետ։ Նույն կերպ, օգուտները վարչական կենտրոնին ուղղելը չի երաշխավորում, որ դրանք կհասնեն գիտելիքը կրողներին, որոնց համար նախատեսված են։
Ճանապարհային քարտեզն առաջարկում է․
Բացահայտել իրավատերերին և աջակցել համայնքային արձանագրությունների մշակմանը․ համայնքներն իրենք պետք է մշակեն կանոններ, որոնք կսահմանեն, թե ինչպես կարող են հնարավոր օգտագործողները դիմել ավանդական գիտելիքի հասանելիության համար, ստանալ համաձայնություն և բաշխել օգուտները։
Սկսել ավանդական գիտելիքի գույքագրումը․ փաստագրումը կարելի է սկսել մինչև օրենսդրական դաշտի ամբողջական ձևավորումը՝ կիրառելով խիստ երաշխիքներ, որ իրավատերերն իրենք որոշեն, թե ինչ տեղեկություն է գրանցվում և ում է այն հասանելի։
Ապահովել կանանց և երիտասարդների ներառումը․ արձանագրության իրականացումն անմիջականորեն կապել Հայաստանի գենդերային քաղաքականության հետ՝ ապահովելու կանանց և երիտասարդների բովանդակալից մասնակցությունը։
Մասնակցությունը ինքնստինքյան երևույթ չէ
Հայաստանի ճանապարհային քարտեզի մշակման ընթացքում դժվարություններ էին առաջանում շահագրգիռ կողմերին խորհրդակցություններում ներգրավելու հարցում։ Ցածր իրազեկվածության և մոտ ապագայում ֆինանսավորում ստանալու սահմանափակ հնարավորությունների պատճառով մասնակցությունը կազմել է նախատեսվածի շուրջ 20–30 տոկոսը։
Սա գործնական վկայություն է, որ հետազոտողները, բիզնեսները, պետական մարմիններն ու գիտելիք կրողները հստակ տեղեկատվության և ուղղորդման կարիք ունեն՝ իրենց իրավունքների, պարտականությունների և մասնակցության հնարավորությունների վերաբերյալ։ Իրազեկվածության բարձրացումն արդյունավետ իրականացման նախապայմանն է։
Այս ջանքերը համահունչ են «արդար անցման» սկզբունքին, որի նպատակն է դեպի կայուն տնտեսության անցումը դարձնել ավելի արդար և ներառական։ Բնական ռեսուրսներից կախվածություն ունեցող համայնքների համար դրանց հասանելիության վերաբերյալ որոշումներն անմիջականորեն ազդում են ապրուստի միջոցների վրա, օրինակ՝ Հայաստանի հարավային Սյունիքի մարզի տեղական արտադրողների դեպքում, որոնք ապրուստ են վաստակում ավանդական եղանակներով վայրի բույսերի ու բարիքների հավաքչությամբ: Տեղական համայնքների մասնակցությունը երաշխավորում է, որ այն մարդիկ, ում ռեսուրսներն ու գիտելիքն օգտագործվում են, ունենան որոշիչ և բովանդակային ձայն:
Համակարգի ձևավորում՝ նախքան համաժողովը
Ճանապարհային քարտեզն առաջարկում է ընդունել գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների բաշխման (ABS) վերաբերյալ առանձին օրենք, որը կզուգակցվի գործող օրենսդրության նպատակային փոփոխություններով: Բացի թույլտվությունների տրամադրումից, առաջարկվող համակարգը կսահմանի ինստիտուցիոնալ պատասխանատվություն, համաձայնության ընթացակարգեր, պայմանագրային պահանջներ, ֆինանսական մեխանիզմներ և համապատասխանության ստուգումներ՝ ներառելով համաձայնագրերին հետևելու և թափանցիկությունը բարելավելու միասնական համակարգ։
Շրջակա միջավայրի նախարարությունն այստեղ կունենա առանցքային դեր, որի նախնական առաջնահերթությունները կներառեն.
ազգային համակարգող կետի և իրավասու մարմնի սահմանում,
առևտրային և ոչ առևտրային հետազոտությունները տարբերակող հասանելիության ընթացակարգերի հստակեցում,
գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների բաշխման ավելի լայն համակարգի օրենսդրական հիմքերի մշակում։
Կենսաբազմազանության հարցերով համաշխարհային գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանին պատեհ հնարավորություն է ընձեռում միջազգային պարտավորությունները կապելու երկրում իրականացվող գործնական բարելավումների հետ։ Ավելի սերտ գիտական գործընկերությունը և գիտելիք կրողների բովանդակային մասնակցությունը կարող են ապահովել արդյունքներ, որոնք զգալիորեն գերազանցում են զուտ ֆինանսական օգուտները՝ նպաստելով Հայաստանի և նրա միջազգային գործընկերների համար կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանմանը:
Հայաստանում Նագոյայի արձանագրության իրականացման ճանապարհային քարտեզը պատրաստել են Դավիթ Խաչատյանը, Արսեն Գասպարյանը, Մերի Բատիկյանը և Յանա Խուդավերդյանը՝ SEI-ի «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում։ Աշխատանքը ֆինանսավորվել է Շվեդիայի կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության՝ Sida-ի միջոցով, իսկ Հայաստանում իրականացվել է SEI-ի գործընկերոջ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի միջոցով։ Ճանապարհային քարտեզի և կատարված աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեղինակներին։
Հոդվածի պատրաստմանն աջակցել են Ամիլա Ալիջանովիչը՝ SEI-ից, և Նանե Խաչիկյանը՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ծրա