News
16 Jun, 2025

Կարո՞ղ է ՀՀ-ն մինչև 2050թ․ հասնել կլիմայական չեզոքության․ հարցազրույց ՀՀ ՇՄ փոխնախարարի հետ

Photo

Հայաստանում անցկացվելիք «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովին ընդառաջ առիթ ունեցանք ՀՀ շրջակա միջավայրի փոխարար Արամ Մեյմարյանի հետ զրուցել դեպի կլիմայական չեզոքություն Հայաստանի ուղու մասին։ Այս հարցազրույցում նա ներկայացնում է, թե ինչպես են եվրոպական գործընկերությունները ձևավորում երկրի բնապահպանական քաղաքականությունը, որոնք են կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել՝ կերտելու դիմակայուն և ցածր արտանետումներով ապագա։

1.     Ինչպե՞ս է Հայաստանը բարելավում շրջակա միջավայրի կառավարման ոլորտում իր քաղաքականությունները՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու և կլիմայական չեզոքության հասնելու համար:

Այս համաձայնագրի ստորագրումը շրջակա միջավայրի նախարարության համար նոր պլատֆորմ ստեղծեց բնապահպանական քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու, այլ ոլորտային քաղաքականությունների մեջ ըստ իրավասության շրջանակի ինտեգրվելու, հանրային իրազեկման նոր միջոցներ գործարկելու, միջազգային գործընկերների հետ բազմաթիվ գործիքակազմերի և հարթակների միջոցով համագործակցելու համար։

2.   Հայաստանի և Եվրոպական միության, ինչպես նաև դրա անդամ երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը ինչպե՞ս է նպաստում Հայաստանի բնապահպանական նպատակների իրականացմանը:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի «Շրջակա միջավայր» և «Կլիմայի փոփոխություն»  բաժիններում մեր նախարարությունը ստանձնել է 2019-2026 թվականների ընթացքում 107 միջոցառում իրականացնելու պարտավորություն։ Դրանք նպատակ ունեն համահունչ դարձնել մեր ազգային օրենսդրությունը ավելի քան 20 եվրոպական դիրեկտիվների և կանոնակարգերի հետ՝ առաջընթաց ապահովելով շրջակա միջավայրի պահպանության ու որակի վերականգնման, քիմիական նյութերի, թափոնների կառավարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական  գնահատման,  բնապահպանական պատասխանատվության,  հանրության համար շրջակա միջավայրին առնչվող տեղեկությունների հասանելիության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, օզոնային շերտի պահպանման ոլորտներում։

3.     Որո՞նք են կարճաժամկետ նպատակները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի՝ մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու համար: Ինչպե՞ս են այս նպատակները համահունչ երկրի ազգային ադապտացման ծրագրին, ազգային քաղաքականություններին ու ռազմավարություններին:

Հայաստանի ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման մինչև 2050 թվականի ռազմավարությունը  նպատակ ունի ոչ միայն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, այլև բարելավել տեղական համայնքների կենսապայմանները՝ խթանելով տնտեսական աճը, սոցիալական բարեկեցությունը, շրջակա միջավայրի պահպանումն ու անվտանգության մակարդակի բարձրացումը։ Ռազմավարության իրականացումը կնպաստի նաև առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության նվազմանը՝ շնորհիվ քրոնիկ հիվանդությունների թվի կրճատման և օդի ու ջրի աղտոտմամբ, ինչպես նաև այլ պատճառներով պայմանավորված մահացության մակարդակի նվազեցման։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և երկրի դիմակայունությունն ավելացնելու տեսանկյունից կարճաժամկետ կտրվածքով կառավարության հաստատած Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հիմնված են կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի են ՀՀ սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում արտացոլված կայուն զարգացման նպատակների հետ: Գործողությունները ձևակերպվել են այն տրամաբանությամբ, որ մեղմման և հարմարվողականության գործողություններում կիրառվի էկոհամակարգային մոտեցումը։ Նախապատվությունը տրվում է հավասարակշռված և համակցված գործողություններին: Դրանց իրականացման հիմքում դրված են ազգային և ոլորտային ռազմավարություններով ամրագրված նպատակադրումներն ու հեռանկարային ծրագրերը:

Այս ծրագիրը, որը մշակվել և հաստատվել է 2021 թվականին, առանձնացրել է կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի 7 ոլորտ և համակարգում է դրանց հաղթահարմանն ուղղված կոնկրետ միջոցառումները։ Այս ոլորտներն են՝ ջրային ռեսուրսներ, էներգետիկա, գյուղատնտեսություն, բնական էկոհամակարգեր, բնակավայրեր, զբոսաշրջություն և մարդու առողջություն։

4. Հաշվի առնելով առկա գնահատումները, որ օդի որակը գլխավոր մտահոգություններից է և բնապահպանական խնդիրների ցուցանիշը Հայաստանի բնակչության շրջանում, ի՞նչ առաջնահերթ նպատակներ ունի Հայաստանը CO2 արտանետումների նվազեցման ուղղությամբ:

Թեև Հայաստանի մասնաբաժինը ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներում կազմում է 0.02%-ից պակաս, կառավարությունը հայտարարել է արտանետումների կրճատման իր ձգտումների մասին՝ սահմանելով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ 2021 թվականին Կառավարությունը հաստատել է ազգային մակարդակով գործողություններ, որոնցով նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։ Երկարաժամկետ հեռանկարում կառավարությունը նպատակ ունի մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տոննա CO₂ համարժեք չափով։

Ռազմավարությունը թիրախավորում է 5 ոլորտ․ էներգետիկա (ներառյալ՝ ավտոտրանսպորտը), գյուղատնտեսություն, արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում, թափոններ, անտառային տնտեսություն և հողօգտագործում։

Մինչև 2030 թվականը ակնկալվում է 50,000 նոր էլեկտրական մեքենաների ներմուծում, իսկ մինչև 2050 թ՝ 400,000  հին մեքնենաների փոխարինում էլեկտրամոբիլներով։ Սա թույլ կտա նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները  11 մլն տոննա CO2 համարժեք չափով։ 

Նախատեսված է նաև մինչև 2050 թվականը անտառածածկ տարածքը դարձնել 450,000 հեկտար, ինչը հնարավորություն կտա կլանել մեծ քանակությամբ  CO2 գազ։

5. Հայաստանը բնապահպանական մարտահրավերներ է բախվում կլիմայի փոփոխությունների, օրինակ՝ սաստիկ եղանակային պայմանների, անտառահատումների, Սևանա լճի նման վայրերում ջրային խնդիրների պատճառով։ Որո՞նք են այդ մարտահրավերները և ինչպե՞ս է երկիր լուծում այս խնդիրները, հատկապես ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման տեսանկյունից։

Վերլուծությունների համաձայն՝ Հայաստանում գետային հոսքը կարող է մինչև 2040 թվականը նվազել շուրջ 8 տոկոսից մինչև ավելի քան 13 տոկոս, մինչև 2070 թվականը՝ 13-27 տոկոս, իսկ մինչև 2100 թվականը՝ 20-39 տոկոս: Սրա հետևանքները 100-ամյա ժամանակահատվածում կարող են լինել՝ հողի խոնավության նվազումը՝ 10-30 տոկոսով, հողի ջրային դեֆիցիտի ավելացումը՝ 25-30 տոկոսով, ոռոգվող հողատարածքների արտադրողականության կրճատումը՝ 24 տոկոսով, արոտավայրերի ընդհանուր մակերեսի և բերքատվության կրճատումը՝ 4-10 տոկոսով և այլն։

Կանխատեսվում է, որ նշված փոփոխությունները բացասաբար կանդրադառնան Հայաստանի ջրային ռեսուրսների, էներգետիկայի, գյուղատնտեսության, էկոհամակարգերի, մարդու առողջության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների և այլ ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության վրա, ինչը լրացուցիչ մարտահրավեր է ոչ միայն այդ ոլորտների, այլ նաև՝ ողջ տնտեսության համար: Էներգետիկայի ոլորտի համար ուղղակի ներգործությունը կարտահայտվի նրանով, որ գետերի հոսքերի նվազումը կազդի հիդրոէներգիայի արտադրության վրա: Աճող ջերմաստիճանը, գետերի հոսքերի և լճերի մակարդակի նվազումը խոչընդոտներ կստեղծեն ատոմակայանի և ջերմաէլեկտրակայանների սառեցման մեխանիզմների համար: Գյուղատնտեսության ոլորտի խոցելիությունը տարբերակվում է ըստ մշակաբույսերի և աշխարհագրական վայրերի: Եղանակային ծայրահեղ դրսևորումները, աճող ջերմաստիճանը, տեղումները և ջրի սակավությունը կարող են ազդել և՛ անասնապահության և՛ մշակաբույսերի արտադրության վրա։

Ջրային էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լճի կենսաբազմազանությունն այն գերակա ոլորտներից են, որոնք կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի են: 

2022 թվականին Կառավարությունը հաստատեց ջրային ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը, որն ընդգրկում է 26 միջոցառում՝ ընդհանուր գնահատված արժեքը մոտ 130 միլիոն ԱՄՆ դոլար։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է իրականացնել մի շարք տեխնիկական, իրավական, ինստիտուցիոնալ, կառավարման, քաղաքականության, գիտահետազոտական, կրթական և իրազեկման բարձրացման միջոցառումներ։ Տեխնիկական միջոցառումներն ընդգրկում են ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում, հիդրոլոգիական և մետեորոլոգիական տվյալների մոնիթորինգի ընդլայնում, ինչպես նաև բնահեն լուծումների կիրառում՝ հեղեղների ռիսկի նվազեցման նպատակով։

6.     Ինչպե՞ս է Հայաստանը զարգացնում իր տնտեսությունը և բարելավում մարդկանց կյանքի որակը՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը։ Որո՞նք են այն քայլերը, որ կառավարությունը ձեռնարկում է՝ օգնելու համար քաղաքացիներին հասկանալ և աջակցել այդ ջանքերին։

Կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված առաջնահերթություններից է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Հենց այս տրամաբանության հիմքում է ընկած ՀՀ-ում էլեկտրական շարժունակության անցման քաղաքականության մշակումը, ինչն իր հերթին միտված է կանաչ և կայուն կենսակերպի խթանմանը։ Վարվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ, շեշտակի ավելացել է ներկրումն ու շահագործումը Հայաստանում։

Կանաչ տնտեսությանն անցնելու ճանապարհին, այլ բաների կողքին, կարևոր է ամրագրել նաև հետևյալ մոտեցումները՝ էներգաարդյունավետություն, էներգետիկ ոլորտի զարգացում և անցում դեպի ցածր ածխածնային էներգիայի, օրգանական գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսների և թափոնների կայուն կառավարում, անցում դեպի կանաչ և զրոյական արտանետումներով տրանսպորտի։ Միաժամանակ շատ կարևոր է ունենալ կանաչ տնտեսության ներդրման համար անհրաժեշտ գործիքակազմը։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ, իրավական հենքի բարելավում, մասնավորապես՝ ՇՄԱԳ և Ռազմավարական էկոլոգիական գնահատման գործիքների արդյունավետ կիրառության, շրջանաձև տնտեսության զարգացման, բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման միջոցով։