News
14 May, 2025

Խցանումներից՝ մաքուր օդ. Հայաստանի վերափոխումը խելացի շարժունակությամբ

Պատկերը՝ Լիլիթ ԱնդրիասյանՊատկերի հեղինակ՝ Լիլիթ Անդրիասյան

Խելացի շարժունակության անցումը Հայաստանի համար կենսական քայլ է «Եվրոպական Կանաչ գործարքի» հավակնոտ կլիմայական նպատակներին հասնելու իր ճանապարհին: Քանի որ տրանսպորտին է բաժին ընկնում երկրում ածխաթթու գազի արտանետումների մոտ 20%-ը, ոլորտի բարեփոխումը կարևոր նշանակություն ունի աղտոտումը նվազեցնելու, հանրային առողջությունը խթանելու և քաղաքացիների կյանքի ընդհանուր որակը բարելավելու համար:

Երևանի ուրբանիզացիայի՝ երկրի արդյունաբերության և տրանսպորտի հիմնական կենտրոն լինելու պատճառով երթևեկությունն ավելի է խտացել, օդի աղտոտման մակարդակը՝ ավելի բարձրացել։ Այս խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել։ Խթանել է էլեկտրական մեքենաների օգտագործումը՝ էլեկտրական մեքենաների ներմուծումն ազատելով ավելացված արժեքի հարկից։ Սա հանգեցրել է երկրով մեկ էլեկտրական մեքենաների թվի զգալի աճի։ Սակայն, չնայած 2020-2023 թվականներին էլեկտրական մեքենաների ներմուծման աճին, դրանց բարձր գները և լիցքավորման կայանների վատ զարգացած ենթակառուցվածը դանդաղեցրել են տարածման գործընթացը։

Չնայած տրանսպորտային համակարգը ժամանակակից դարձնելու ջանքերին՝ առկա ենթակառուցվածքները բավարար չեն ուրբանիզացված բնակչության աճող կարիքները հոգալու համար։ Օրինակ՝ հեծանվային ուղիների և հետիոտնային հարմար տարածքների բացակայությունը սահմանափակում է տրանսպորտային կայուն հաղորդակցության հնարավորությունները մայրաքաղաքում և մայրաքաղաքից դուրս։

Հայաստանի՝ «Կանաչ օրակարգ» ծրագրի խելացի շարժունակության ազգային փորձագետ Վազգեն Հարությունյանը նշում է, որ խելացի շարժունակության անցումը կարող է իր ուղիղ դրական ազդեցությունն ունենալ Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ Մաքուր օդ, բեռնաթափված երթևեկություն և բարելավված հանրային առողջություն․ սրանք հնարավոր արդյունքների ընդամենը մի մասն են։ Հարությունյանն շեշտում է համապարփակ շարժունակության ծրագրի անհրաժեշտությունը, որը կընդգրկի տրանսպորտային բոլոր միջոցները և առաջնահերթություն կտա հեծանվային, հետիոտնային և հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացմանը։

Խելացի շարժունակության մարտահրավերները Հայաստանում

Հայաստանի տրանսպորտային համակարգում գերակշռում է ճանապարհային տրանսպորտի օգտագործումը։ Տրանսպորտային կայուն հաղորդակցությունների զարգացումը պահանջում է ոչ միայն հասարակական տրանսպորտի ընդլայնում, այլև խոշոր ներդրումներ՝ երկաթուղային ենթակառուցվածքի և էլեկտրական շարժունակության լուծումներում։ Այս նախաձեռնությունների ֆինանսավորման և իրականացման համար Հարությունյանը կարևորում է միջազգային լավագույն փորձի կիրառումը և համաշխարհային կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Հայաստանում կայուն շարժունակության հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ սահմանափակ ֆինանսները։ Արտաքին ֆինանսավորումներից կախվածություն ունենալը երկրի համար բարդություններ է ստեղծում կանաչ տրանսպորտային նախաձեռնությունների երկարաժամկետ կայունության գործում։ Այդուհանդերձ, պետական-մասնավոր գործընկերությունները կարող են կարևոր դեր ունենալ ֆինանսական այդ բացը լրացնելու մեջ։ Հայաստանը կարող է արագացնել խելացի շարժունակության անցման գործընթացը՝ միաժամանակ նվազեցնելով բեռը պետական բյուջեի վրա, եթե մասնավոր ներդրողների ներգրավվի այնպիսի նախաձեռնություններում, ինչպեսին, օրինակ, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններն են, կամ հասարակական տրանսպորտային պարկի արդիականացումը։

Ֆինանսական դժվարություններից բացի, Հայաստանը բախվում է նաև քաղաքականության և կարգավորման շուրջ լուրջ բացերի։ Թեև ներկա օրենսդրությունը խթանում է էլեկտրական մեքենաների ներմուծումը, բայց այն դեռ բավարար չէ՝ տրանսպորտային ոլորտում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների լայն կիրառումն ապահովելու համար։ Բացի այդ, գործող քաղաքականությունը հիմնականում կենտրոնացած է մասնավոր տրանսպորտի վրա՝ հաշվի չառնելով կայուն զարգացման տեսանկյունից այլ տրանսպորտային միջոցների ներուժը։

Անցում դեպի խելացի շարժունակության

Հարությունյանն առաջարկում է մշակել նոր այնպիսի քաղաքականություն, որը կսահմանափակի մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը և կխրախուսի հասարակական ոչ շարժիչային տրանսպորտային միջոցների կիրառումը։ Հայաստանի տրանսպորտային ցանցերի արդյունավետության բարձրացման համար նաև անհրաժեշտ կլինի թվային տեխնոլոգիաների ներմուծումը, ինչպիսին, օրինակ, խելացի տրանսպորտային համակարգերն են։

Հարությունյանի պարզաբանմամբ՝ թվային տեխնոլոգիաները հանգեցնում են տրանսպորտային համակարգի ավտոմատացման և կանխատեսելի պլանավորման՝ ապահովելով իրական ժամանակի տվյալներ՝ տրանսպորտային ցանցերի հաշվարկման և բարելավման համար։

Հայաստանի համար այսպիսի տեխնոլոգիաների կիրառումը վճռորոշ նշանակություն կունենա խելացի տրանսպորտային համակարգի նպատակների երկարաժամկետ իրականացման համար։ Իրական ժամանակում ստացված երթևեկության տվյալների օգտագործմամբ՝ երկիրը, օրինակ, կարող է օպտիմալացնել հասարակական տրանսպորտի երթուղիներն ու ժամանակացույցը՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ և հասանելի՝ սպառողների ավելի լայն շրջանակների համար։

Հայաստանում կանաչ շարժունակության անցման համար կարևոր գործոն է նաև քաղաքացիների վարքագծային փոփոխությունը։ Մարդկանց կողմից մասնավոր ավտոմեքենաներից դեպի ավելի էկոլոգիապես մաքուր այլընտրանքների (հասարակական տրանսպորտ, հեծանվային և հետիոտնային երթևեկություն) անցումը պահանջում է հստակ ռազմավարություններ և հասարակության իրազեկման արշավներ։

Հարությունյանի կարծիքով՝ «խուսափել-անցում կատարել-բարելավել» մոտեցումը առանցքային է խելացի շարժունակությունը խթանելու համար: Ըստ նրա՝ այս մոտեցումը նշանակում է, որ պետք է լինեն մասնավոր տրանսպորտի օգտագործման որոշ սահմանափակումներ, որոնք կնվազեցնեն մասնավոր մեքենաների օգտագործումը: Այնուհետև մարդիկ կսկսեն օգտվել տրանսպորտային այլ միջոցներից, ինչը, էլեկտրական մեքենաների օգտագործման շնորհիվ, կբարելավի կայունությունը: Վազգեն Հարությունյանը նշում է, որ այս մոտեցումն այս պահին առաջ տանելու համար չկա համապատասխան օրենսդրություն, շարժունակության տարբերակներ, ինչպես նաև լիցքավորման կայանների համապատասխան քանակ:

Նայելով առաջ՝ Հարությունյանը ոգևորված է առաջիկա տարիներին Հայաստանի խելացի շարժունակության ոլորտը զարգացնելու հնարավորություններով։ Նա ընդգծում է, որ ֆինանսական և միջազգային համագործակցությունները կարևոր նշանակություն կունենան շարժունակության մանրակրկիտ ծրագիր ստեղծելու և իրականացնելու հարցում՝ հասարակությանը աջակցելու համար։ Այս համագործակցությունները կապահովեն փորձաքննություն, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են էլեկտրական մեքենաների համար ենթակառուցվածքներ ստեղծելու, հասարակական տրանսպորտային ցանցերն ընդլայնելու և կայուն ուրբանիզացիան խթանելու համար:

Մինչ Հայաստանը զգալի մարտահրավերների է բախվում խելացի շարժունակության անցնելու ճանապարհին, հնարավոր օգուտները հսկայական են: Ճիշտ քաղաքականության, համագործակցությունների և ներդրումների դեպքում երկիրը կարող է զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը, բարելավել հանրային առողջությունը և բարձրացնել իր քաղաքացիների կյանքի որակը: Կայուն, խելացի շարժունակության ապագայի ուղին պարզ է, սակայն հաջողելու համար այն պահանջում է կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային հանրության համակարգված ջանքեր: