Հայաստանը մեկնարկեց Քիմիական նյութերի մասին օրենքի մշակման նախաձեռնությունը «Կանաչ օրակարգ» ծրագրի հետ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ, մեկնարկեց «Քիմիական նյութերի մասին» ՀՀ առաջին օրենքի մշակման գործընթացը։ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող այս աջակցությունն իրականացվում է ՍՇԻ-ի և ՀԱՀ Յակոբեան կենտրոնի կողմից անցկացվող «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի շրջանակներում։
Օրենքի մշակմանը տեխնիկական աջակցություն է տրամադրելու Շվեդիայի քիմիական նյութերի գործակալությունը (KEMI) իր հարուստ փորձով։ Այս նախաձեռնությունը քայլ է դեպի Հայաստանի բնապահպանական օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու, հանրային առողջությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը ամրապնդելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ։
Այս նախաձեռնությունը մեկնարկելու պաշտոնական խնդրանքով «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրին ավելի վաղ դիմել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Այս միջամտությունը ծրագրի հիմնական նպատակներից մեկն է, այն է՝ խթանել կանաչ քաղաքականության բարեփոխումները, զարգացնել պետական կարողությունները և նպաստել ներդրումներին ու նորարարություններին կայուն և կանաչ տնտեսության մեջ։
Մեկնարկի հանդիպման ժամանակ «Կանաչ օրակարգ» ծրագրի ղեկավար Քրիստինա Քոլոմանը իր խոսքում ընդգծեց տեխնիկական համագործակցությունը. «Մենք պատիվ ունենք աջակցել Հայաստանին այս հավակնոտ ձեռնարկում։ Մեր միջազգային և ազգային փորձագետները ձեռք ձեռքի տված կաշխատեն հայկական հաստատությունների հետ՝ մշակելու արդյունավետ և համատեքստային օրենսդրություն, որը կհամապատասխանի եվրոպական լավագույն փորձին՝ միաժամանակ արտացոլելով տեղական կարիքները և իրողությունները»։
«Քիմիական նյութերի մասին» օրենքի նախաձեռնությունն իրականացվում է շրջադարձային պահի։ Ընդունելով քիմիական նյութերի կառավարման օրենսդրություն՝ Հայաստանը հիմք է դնում տնտեսության արդիականացման և Եվրամիությանը հնարավոր ավելի խորը ինտեգրման համար։
Շրջակա միջավայրի նախարարության Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանը շեշտեց այս օրենսդրական գործընթացի հրատապությունն ու արդիականությունը․ «Այսօր քիմիական նյութերը լայնորեն կիրառվու են մեր տնտեսության տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն։ Սակայն դրանց սխալ կամ անկանոն օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես մարդկանց առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Ուստի անհրաժեշտ է ապահովել այս նյութերի կառավարման հստակ, համապարփակ և իրավականորեն ամրագրված համակարգ»։ Նա նշեց, որ այս նախաձեռնությունը քաղաքական կամքի, պատասխանատվության և ապագայի հանդեպ ունեցած տեսլականի արտահայտություն է։
«Շվեդիայի քիմիական նյութերի գործակալությունը քիմիական նյութերի ոլորտում օրենսդրությունը ԵՄ-ին մոտարկելու հարցում երկրների հետ համագործակցելու մեծ փորձ ունի։ Մենք անհամբեր ենք թիմի հետ աշխատանքին՝ աջակցելու Հայաստանում քիմիական նյութերի կանխարգելիչ վերահսկողության ամրապնդմանը՝ ԵՄ պահանջներին համապատասխան»,- նշեց Շվեդիայի քիմիական նյութերի գործակալության Միջազգային միավորի ղեկավար Լին Փերսոնը։
«Այս ծրագիրը ոչ միայն իրավական է, այլև պարտավորություն՝ ցուցաբերել ներառական, խորհրդատվական մոտեցում, որը միավորում է արդյունաբերությունը, քաղաքացիական հասարակությունը և կառավարությունը»,- նշեց «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի ղեկավար և ՀԱՀ Յակոբեան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։ «Քիմիական նյութերի մասին օրենքի մշակման գործընթացը կներառի շահագրգիռ կողմերի լայն քննարկումներ, կարողությունների զարգացման դասընթացներ և տեխնիկական վերանայումներ՝ ապահովելու ինչպես միջազգային չափանիշներին համապատասխանություն, այնպես էլ տեղի առանձնահատկությունների հաշվենկատություն»։
«Կանաչ օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար»
«Կանաչ օրակարգ, Հայաստան»-ը Ստոկհոլմի շրջակա միջավայրի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ավելի լայն տարածաշրջանային ծրագրի մի մասն է։ «Կանաչ օրակարգ» ծրագիրը կանաչ փոխակերպման շուրջ միավորում է կառավարության դերակատարներին և փորձագետ գործընկերներին Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Աջակցելով քաղաքականության բարեփոխումներին, նորարարությունների ներդրմանը, կարողությունների զարգացմանը և ներդրումներին՝ ծրագիրն ուղղված է ավելի կանաչ տնտեսություններ և ճկուն հասարակություններ ստեղծելուն։ Այցելե՛ք green-agenda.org
Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտ
SEI-ը միջազգային ոչ առևտրային հետազոտական կազմակերպություն է, որի նպատակն է ուղղորդել շրջակա միջավայրի և զարգացման փոփոխություններ ապաան Այցելեք sei.org
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը խթանում է բնական միջավայրի պաշտպանությունն ու վերականգնումը՝ հետազոտությունների, կրթության և համայնքային հասանելիության միջոցով։ Այցելե՛ք ace.aua.am