Աջակցություն Հայաստանի կլիմայական չեզոքության նպատակներին․ SEI-ի Կլիմայական չեզոքության գործիքը ներկայացվել է ազգային փորձագետներին
Դեգրադացված անտառները վերականգնելու, Սևանա լիճը պաշտպանելու և գետերը մաքրելու Հայաստանի ջանքերը սերտորեն կապված են կլիմայական քաղաքականության ավելի լայն որոշումների հետ։ Էներգետիկայի, տրանսպորտի, հողօգտագործման և ներդրումների ոլորտներում ընդունվող որոշումները ձևավորում են ոչ միայն արտանետումների քանակը, այլև ազդում են էկոհամակարգերի վիճակի, օդի և ջրի որակի, տնտեսության դիմակայունության և մարդկանց բարեկեցության վրա։
Այս առաջնահերթություններն ավելի ու ավելի են փոխկապակցվում, իսկ որոշումներ կայացնողների համար անհրաժեշտ են դառնում կիրառական գործիքները, որոնք թույլ են տալիս գնահատել, թե որ քաղաքականությունները կարող են առավել մեծ օգուտներ ապահովել կլիմայի, տնտեսության և շրջակա միջավայրի համար։
Ապացույցահեն որոշումների կայացմանը նպաստելու նպատակով՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI), իր կենտրոնական և Տալլինի գրասենյակների միջոցով, «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակներում հայաստանյան հիմնական շահառումներին ներկայացրել է SEI Կլիմայական չեզոքության գործիքը։ Գործիքը կառավարություններին և փորձագետներին թույլ է տալիս գնահատել, թե քաղաքականությունների տարբեր տարբերակները ինչպես կարող են նպաստել ջերմոցային գազերի զրոյական արտանետումների անցմանը՝ միաժամանակ ցույց տալով, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ աշխատատեղերի, ներդրումային կարիքների, էներգետիկ անվտանգության, ՀՆԱ-ի և տնային տնտեսությունների մակարդակում։
Ստոկհոլմի շրջակա միջավայրի փորձագետ Գոութամ Մութուկումարանը գործիքը ներկայացրել է կարողությունների զարգացման դասընթացի ընթացքում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրից (UNDP Armenia) և Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Ներկայում գործիքը լիցենզային համաձայնագրի հիման վրա տրամադրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանին և հասանելի կլինի ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի միջոցով։ Գործիքի կիրառումը կնպաստի Հայաստանում վերլուծական կարողությունների ամրապնդմանը և հնարավորություն կստեղծի, որ հետագայում այն կիրառեն նաև պետական կառույցները, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Գործիքի կիրառումը կնպաստի Հայաստանում վերլուծական կարողությունների ամրապնդմանը և հնարավորություն կստեղծի, որ հետագայում դրանից օգտվեն նաև պետական կառույցները, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ինչո՞ւ է կլիմայական չեզոքության գործիքը կարևոր
«Կլիմայական չեզոքությունը կարող է զուտ տեխնիկական և առօրյա կյանքից հեռու հասկացություն թվալ։ Իրականում, սակայն, կլիմայական քաղաքականության վերաբերյալ որոշումներն անմիջական ազդեցություն ունեն մարդկանց առօրյա կյանքի վրա՝ սկսած բնակարանների ջեռուցման ծախսերից և մարդկանց հասանելի ավտոմեքենաների տեսակներից մինչև քաղաքներում օդի որակը, ստեղծվող կանաչ աշխատատեղերի թիվը և ավելի մաքուր էներգետիկայի ու ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ պետական ներդրումների ծավալը», - նշել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն և Հայաստանում «Կանաչ օրակարգ» ծրագրի ղեկավար Ալեն Գասպարյան Ամիրխանյանը։
«Պարզ կիրառելի և հասկանալի գործիքը կարող է օգնել որոշումներ կայացնողներին արագ գնահատել իրենց ընտրությունների հնարավոր հետևանքները», - հավելել է Ամիրխանյանը։
SEI Կլիմայի չեզոքության գործիքն օգնում է քաղաքականություններ մշակողներին համեմատել տարբերակները՝ մինչև որոշումների կայացումը։ Օրինակ՝ եթե Հայաստանը նպատակադրված է նվազեցնել տրանսպորտային արտանետումները, գործիքը կարող է օգնել գնահատել էլեկտրոնային մեքենաների, կենսագազով (bio-CNG) աշխատող տրանսպորտային միջոցների կամ այլընտրանքային տարբերակների օգտագործման խրախուսման հնարավոր հետևանքները։ Այն կարող է ոչ միայն գնահատել արտանետումների կրճատումը, այլ նաև ներդրումների կարիքները, օպերացիոն ծախսերը և ավելի լայն սոցիալ էկոնոմիկական ազեցությունները, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, ազդեցությունը ՀՆԱ-ի վրա, տնային տնտեսությունների գնողունակության փոփոխությունը և արտաքին առևտրի հաշվեկշռի փոփոխությունները։
Նմանապես, էներգետիկայի և շենքերի ոլորտներում գործիքը հնարավորություն է տալիս համեմատելու տարբեր լուծումներ, օրինակ՝ արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնումը, էներգաարդյունավետության բարձրացումը, հանածո վառելիքով աշխատող ջեռուցման համակարգերի փոխարինումը ջերմային պոմպերով կամ ավելի արդյունավետ լուսավորության ներդրումը։ Հենց այսպիսի ընտրություններից է կախված, թե որքանով կանաչ անցումը կլինի մատչելի, իրագործելի և օգտակար քաղաքացիների համար։
«Կլիմայական չեզոքության գործիքը արժեքավոր է նրանով, որ այն կառավարություններին օգնում է երկարաժամկետ կլիմայական նպատակների համար ընտրել հստակ քաղաքականություններ», - նշում է SEI-ի Տալլինի գրասենյակի և «Կանաչ օրակարգ» ծրագրի փորձագետ, գործիքի առաջատար մշակողներից Գոութամ Մութուկումարանը։
Նրա խոսքով՝ այն հնարավորություն է տալիս համեմատել տարբերակները և հասկանալ դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու սահմանափակումները, այդ թվում՝ դրանց ազդեցությունն ընդհանուր տնտեսության վրա։
Աջակցություն Հայաստանին՝ ԵՄ հետ մերձեցման ճանապարհին
Կլիմայի և էներգետիկայի ոլորտներում պլանավորման կարողությունների ամրապնդումը կարևոր է նաև Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման համատեքստում։ ԵՄ կլիմայական և էներգետիկ քաղաքականության շրջանակները կարևորում են թափանցիկ և փաստերի վրա հիմնված պլանավորումը, այդ թվում՝ արտանետումների կրճատման, քաղաքականության ազդեցության գնահատման և անհրաժեշտ ներդրումների որոշման հարցերում։
Կլիմայական չեզոքության գործիքը կարող է աջակցել այս գործընթացին՝ օգնելով Հայաստանի կառույցներին գնահատել ԵՄ-ին մերձեցմանն առնչվող քաղաքականության տարբեր սցենարները, համեմատել կլիմայական քաղաքականության այլընտրանքային ուղիները և արագ փորձարկել տարբեր մոտեցումներ ու ենթադրություններ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները առանձնացրել են գործիքի կիրառման մի քանի հնարավոր ուղղություններ, այդ թվում՝
• ԵՄ հետ սերտ մերձեցմանն առնչվող քաղաքականության սցենարների գնահատում,
• կլիմայական քաղաքականության որոշումների ֆինանսական և տնտեսական ազդեցությունների գնահատում,
• կլիմայական քաղաքականության այլընտրանքային ուղիների համեմատություն,
• արտանետումների կրճատման տարբեր սցենարների արագ մշակում և փորձարկում։
Այս ճկունությունը հատկապես կարևոր է, քանի որ կլիմայական երկարաժամկետ պլանավորումը մեկանգամյա գործընթաց չէ։ Ժամանակի ընթացքում փոխվում են տնտեսական պայմանները, քաղաքականության առաջնահերթությունները, տեխնոլոգիաները և հասանելի տվյալները։ Հետևաբար՝ կլիմայական քաղաքականության արդյունավետ գործիքը պետք է հեշտությամբ թարմացվի և հնարավորություն տա նոր արդյունքներ ստանալ՝ փոփոխվող պայմաններին համապատասխան։
Կիրառական գործիք՝ ազգային մակարդակում որոշումների կայացման համար
SEI Կլիմայական չեզոքության գործիքը հիմնված է Excel-ի վրա, ինչի շնորհիվ այն ավելի մատչելի և կիրառելի է, քան բազմաթիվ բարդ մոդելավորման համակարգեր։ Օգտատերերը կարող են թարմացնել մուտքային տվյալները, փոփոխել արտանետումների կրճատման միջոցառումները և վերահաշվարկել արդյունքները՝ առանց ամբողջ մոդելը զրոյից վերակառուցելու։
Գործիքը հիմնված է տնտեսությունն ամբողջությամբ ընդգրկող «ներքևից վերև» մոտեցման վրա։ Այն դիտարկում է արտանետումների նվազեցման կոնկրետ միջոցառումներ տարբեր ոլորտներում՝ էներգետիկայից, շենքերից և տրանսպորտից մինչև արդյունաբերություն, գյուղատնտեսություն, թափոնների կառավարում և հողօգտագործում։ Յուրաքանչյուր միջոցառման համար գործիքը գնահատում է արտանետումների հնարավոր կրճատումը, անհրաժեշտ ներդրումները, գործառնական ծախսերը և սոցիալ-տնտեսական ավելի լայն ազդեցությունները։
Օգտատերերը կարող են համեմատել մինչև երեք տարբեր ուղիներ, օրինակ՝ ելակետային սցենարը, չափավոր անցման սցենարը և կլիմայական չեզոքության առավել հավակնոտ ուղին։ Սա որոշումներ կայացնողներին հնարավորություն է տալիս հասկանալու, թե հավակնությունների տարբեր մակարդակները ինչ քայլեր և ռեսուրսներ են պահանջում և ինչ օգուտներ կարող են ապահովել։
Հայաստանի դեպքում գործիքը կարող է օգնել պատասխանել մի շարք գործնական հարցերի, օրինակ՝
• Միջոցառումների ո՞ր համադրությունը կարող է Հայաստանին մոտեցնել կլիմայական չեզոքությանը։
• Ո՞ր ոլորտներն են պահանջում առավել մեծ ներդրումներ։
• Քաղաքականության ո՞ր միջոցները կարող են միաժամանակ նպաստել արտանետումների կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
• Ինչպե՞ս կարող են պետական խթանները նպաստել, որ տնային տնտեսություններն ու բիզնեսներն ընտրեն շրջակա միջավայրի համար առավել նպաստավոր լուծումներ։
• Քաղաքականության ո՞ր ուղին կարող է լավագույն հավասարակշռությունն ապահովել արտանետումների կրճատման, մատչելիության և տնտեսական օգուտների միջև։
Ազգային կարողությունների զարգացում
SEI-ի աշխատանքի առանցքային նպատակներից է ոչ միայն գործիքի տրամադրումը, այլև ազգային փորձագետների՝ այն կիրառելու կարողությունների զարգացումը։ Հայաստանում անցկացված դասընթացին մասնակցել են պետական կառույցների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կարող են նպաստել երկրի կլիմայական պլանավորման համար անհրաժեշտ վերլուծական կարողությունների ամրապնդմանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հետաքրքրություն են ցուցաբերել գործիքի նկատմամբ։ SEI-ը նախատեսում է շարունակել համագործակցությունը, որպեսզի հետագայում գործիքը կիրառվի քաղաքականությունների վերլուծության և ռազմավարական պլանավորման համար։ Հայաստանում գործիքի համակարգող կառույցը՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, տեղում կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը՝ նպաստելով գործիքի հեշտ կիրառմանը։
Գործիքը հասանելի է նաև Մոլդովայում և Ուկրաինայում, որտեղ այն օգտագործվում է կլիմայի և էներգետիկայի ոլորտների ռազմավարական փաստաթղթերի մշակման և թարմացման համար։
Մոդելավորումից դեպի ավելի արդյունավետ քաղաքականություն
Թեև քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, անձամբ չեն օգտվի գործիքից, նրանք դրանց հիմնական և անմիջական շահառուներից են։ Գործիքը պետական կառույցներին կօգնի մշակել ավելի արդյունավետ քաղաքականություններ և կայացնել հիմնավորված որոշումներ։ Հուսալի տվյալներն ու վերլուծությունները կառավարություններին հնարավորություն կտան խուսափել մեծ ծախսեր պահանջող սխալներից, ընտրել հանրության համար առավել օգտակար քաղաքականություններ և մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք տնային տնտեսությունների և բիզնեսների համար ավելի հասանելի կդարձնեն շրջակա միջավայրի համար նպաստավոր լուծումները։
Հայաստանում կլիմայական քաղաքականության ամրապնդմանը զուգահեռ SEI Կլիմայական չեզոքության գործիքի նման գործիքները կարող են օգնել հավակնոտ նպատակները վերածել գործնական որոշումների, իսկ այդ որոշումները՝ ավելի մաքուր օդի, ավելի լավ աշխատատեղերի, առավել արդյունավետ ներդրումների և փոփոխություններին ավելի դիմակայուն ապագայի։