News
18 Jun, 2025

Հայաստանի կանաչ անցման վերաբերյալ նոր զեկույց հրապարակվեց «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովին

Photo

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, 2025 թ. - Այսօր Երևանում ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), անցկացվում է «Հայաստանի կանաչ օրակարգ 2025» համաժողովը՝ մեկտեղելով կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների առաջատար մասնագետների։ 

Միջոցառման ընթացքում առաջին անգամ ներկայացվում է Կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման զեկույցը, որը տրամադրում է ռազմավարական կարևորության խորը պատկերացում՝ կլիմայական գործողությունների բարելավման, կենսաբազմազանության պաշտպանության, աղտոտման վերահսկման և կանաչ տնտեսության անցման այլ առաջնահերթությունների բարելավման ուղղությամբ։

«Ծրագրի շրջանակում մշակված Հայաստանի կանաչ անցման համապարփակ գնահատականը հանդիսանում են չափազանց արժեքավոր գործիք մեր երկրի համար՝ ուղղված դեպի կայուն, ցածրածխածնային և դիմակայուն զարգացմանը։ Գործընթացն ուղղած է մեր հանձնառության իրականացմանը՝ կառուցելու կանաչ Հայաստան, որտեղ տնտեսական աճը, բնապահպանական կայունությունը և սոցիալական արդարությունը փոխլրացնող ուղիներ են։

Մինչ գնահատման հիմանական արդյունքներին անդրադառնալը կցանկանայի հիշատակել, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ այսօրվա համաժողովի թեման դարձնելով առավել արդիական։ COP17-ը կարևոր հանգրվան կլինի Կունմինի-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրի (KMGBF) իրականացման համաշխարհային առաջընթացի գնահատման համար։ Այս համատեքստում «Կանաչ օրակարգ Հայաստան» նախաձեռնությունը ներկայացնում է կոնկրետ օրինակ, թե ինչպես կարող են ազգային ջանքերը համահունչ լինել գլոբալ կենսաբազմազանության նպատակների հետ»:

Արամ Մեյմարյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Համաժողովը կազմակերպել է Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ իրականացվող և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) ղեկավարած «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային՝ իրականացնելու «Եվրոպական կանաչ գործարքի» (EGD) հավակնոտ նպատակները։ Այս ջանքերը համահունչ են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիման վրա ԵՄ-ի հետ մերձեցման և առևտրի զարգացման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Ազգային գնահատում՝ հանուն կայուն ապագայի

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի և Յակոբեան կենտրոնի համագործակցությամբ պատրաստված Հայաստանի կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման զեկույցը ներկայացնում է Հայաստանի առաջընթացը կանաչ տնտեսության անցնելու և ԵՄ չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ գնահատելով հաջողությունները և խոչընդոտները կլիմայի քաղաքականության, էներգետիկայի, շինարարության, արդյունաբերական աղտոտման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կենսաբազմազանության ոլորտներում։ Կենսաբազմազանության վերաբերյալ վերլուծություններին աջակցել է Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN)։

Յուրաքանչյուր ոլորտային գլուխ դիտարկում է Հայաստանի սահմանած ռազմավարական նպատակները, գործող իրավիճակը, հիմնական խոչընդոտներն ու հնարավորությունները՝ ի վերջո գնահատելով երկրի պատրաստվածության մակարդակը՝ փոքրից մինչև որոշակի առաջընթաց։

Զեկույցում առանձնացվում է նաև ֆինանսավորման, գիտահետազոտությունների, նորարարության, թվայնացման և արդար անցման քաղաքականությունների դերը՝ Հայաստանի տնտեսության կայուն, մրցունակ և ճկուն զարգացման խթանման հարցում։

«Հայաստանի կողմից կենսաբազմազանության գագաթնաժողովի (COP) հյուրընկալումը հավելյալ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ երկիրը մի կողմից ակտիվորեն մասնակցում է գլոբալ քննարկումներին, մյուս կողմից ներսում կենտրոնանում է կանաչ անցման վրա։ Առաջիկայում ծրագիրը աջակցություն կառաջարկի պետական գերատեսչություններին՝ կանաչ անցման նկրտումների և պարտավորությունների պլանավորման հարցում, հատկապես այն ոլորտներում, որտեղ ներկայումս կառավարական, մասնավոր և միջազգային  ներդրումները բավարար չեն։ Այդ ոլորտների թվում են էլեկտրոնային և վտանգավոր թափոնների կառավարումը, ջրի և հողի որակի վերահսկումը և այլն։ Ակնկալում ենք պլանավորման աջակցություն 7-8 առաջնահերթ ոլորտներում»։

Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն

Առաջ մղելով կանաչ նախաձեռնությունները․ փոխակերպման ռազմավարություններ և շահագրգիռ կողմերի ներառականություն

Համաժողովում ներկայացվում են վերափոխող բացահայտումներ ու ռազմավարություններ այնպիսի առանցքային ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են էներգետիկ անցումը, կլիմայահեն գյուղատնտեսությունը, կայուն տրանսպորտը և էկոհամակարգերի պահպանումը։ Այն նաև հնարավոր է դարձնում խորհրդատվական քննարկումները՝ ծրագրի հաջորդ փուլը նախաձեռնելու, Հայաստանի հիմնական շահառուներին համապարփակ ոլորտակենտրոն ճանապարհային քարտեզներով և գործողությունների պլաններով զինելու, որոնք կհստակեցնեն ներդրումների պատրաստ ծրագրերի, կարողությունների զարգացման գործողությունների և տեխնիկական աջակցության հատուկ ոլորտները։ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ծրագրի իրականացնող գործընկերն այսուհետ Հայաստանում լինելու է Յակոբեան բնապահպանական կենտրոնը։

«Ազգային գնահատման ընդունումը վկայում է Հայաստանի կողմից կլիմայի հարմարվողականությանը, վերականգնվող էներգիայի ընդլայնմանը և այլ առանցքային կանաչ անցման ուղղությունների առաջնահերթություն տալու մասին։ Այս ջանքերը կարևոր են թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, թե՛ շրջակա միջավայրի վատթարացման դեմ  խոցելի համայնքների պաշտպանվածության համար։ Մենք վճռական ենք տրամադրված աջակցել Հայաստանին վերափոխման այս ճանապարհին՝ ի նպաստ կայուն աճի, շրջակա միջավայրի առողջության և բոլորի համար ավելի արդար ապագայի»։

Կլաս Վալդենստրյոմ, Շվեդիայի Թագավորության դեսպանի տեղակալ, զարգացման համագործակցության ղեկավար

Զեկույցի գլխավոր ուղերձներ և առանցքային շեշտադրումներ

  • Կլիմայի հարմարվողականության խթանում. հիմնավորված և նպատակային կերպով հարմարվողականության միջոցառումների արագացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ջրի և հողի կառավարման ոլորտներում նպաստում է դիմակայունության բարձրացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ համահունչ լինելով կայուն զարգացման նպատակներին։

  • Էներգետիկ անկախություն. Բնակչության 62%-ը մտահոգված է Հայաստանի էներգետիկ կախվածությամբ։ Էներգետիկ ինքնիշխանության հասնելու և շրջակա միջավայրի աղտոտման կրճատման ճանապարհին կենսական քայլ է վերականգնվող՝ արևային և հողմնային էներգիայի ոլորտում ռազմավարական ներդրումների ներգրավումը։ 

  • Կայուն տրանսպորտ. Էլեկտրական ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի զարգացումը, որպես ռազմավարական մոտեցում, կարող է էապես նվազեցնել օդի աղտոտումն ու խցանումները քաղաքներում՝ բարելավելով կյանքի որակը, հատկապես Երևանում։

  • Գյուղատնտեսական նորարարություն. Գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ոլորտում նորարարական և արդյունավետ մեթոդներին առաջնահերթություն տալը ռազմավարական հրամայական է դառնում ջրի պակասի, հողերի դեգրադացիայի և կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների դեմ պայքարելու տեսանկյունից՝ միաժամանակ բարձրացնելով առողջ սննդի չափանիշները ողջ Հայաստանում:

«Կանաչ անցման համապարփակ ազգային զեկույցն արդեն սահմանել է ոլորտային առաջնահերթությունները, որոնք կօգնեն Հայաստանին համապատասխանեցնել իր գործողությունները ՀԲԸՄ-ով (CEPA) ստանձնած պարտավորություններին և ամբողջությամբ որդեգրել կանաչ անցման տրամաբանությունը։ Զեկույցը նաև հիմք կծառայի ներդրումային առաջարկների ձևավորման, ճանապարհային քարտեզների և ռազմավարական պլանների մշակման և շահառուների հետ ոլորտային առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումների համար։ Այս աշխատանքը կշարունակվի մինչև 2026 թվականը»։

Իվանա Միյատովիչ, Կանաչ անցման համապարփակ ազգային զեկույցի թիմի ղեկավար