News
26 Oct, 2026

Մեկնարկում է «Կանաչ օրակարգ, Հայաստան» երիտասարդական տեսափոդքաստաշարը․ առաջին թողարկումը նվիրված է կենսաբազմազանությանը և COP17-ին

Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանի նման փոքր երկիրը համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գործում։ Շատ ավելի մեծ, քան կարող ենք պատկերացնել։ Հենց այս հարցից էլ սկսվում է «Կանաչ օրակարգ, Հայաստան» տեսափոդքաստաշարի առաջին թողարկումը։

Ամիսներ տևած ուսումնառությունից, հետազոտություններից ու նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է «Կանաչ օրակարգ, Հայաստան» տեսափոդքաստաշարը։ Այն երիտասարդներին հնարավորություն է տալիս զրուցելու ոլորտի փորձագետների հետ, բարձրաձայնելու բնապահպանական արդիական խնդիրներ և իրենց տեսանկյունից քննարկելու Հայաստանի կանաչ անցմանն առնչվող հարցերը։

Նախաձեռնությունը սկսվել է Հայաստանի ամենահայտնի փոդքաստավարներից մեկի՝ Նարեկ Ամիրխանյանի վարած գործնական աշխատարանով։ Մասնակիցները սովորել են հստակ ձևակերպել ու արտահայտել իրենց մտքերը, ուսումնասիրել բնապահպանական թեմաները, կազմել բովանդակային հարցեր և պատրաստվել փորձագետների հետ զրույցներին։ Հաջորդ ամիսներին երիտասարդները խորացել են իրենց ընտրած թեմաների մեջ, ուսումնասիրություններ կատարել և քայլ առ քայլ պատրաստվել առաջին թողարկումների նկարահանումներին։

Տեսափոդքաստաշարի առաջին թողարկումը՝ նվիրված կենսաբազմազանությանը և COP17-ին, արդեն հասանելի է։

Առաջին թողարկման հաղորդավար Հռիփսիմե Հովհաննիսյանի հյուրն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտող, «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի կենսաբազմազանության փորձագետ, դոկտոր Արսեն Գասպարյանը։

Զրույցը Հայաստանի բնության բացառիկ հարստության և դրա համաշխարհային նշանակության մասին է։ Ինչո՞ւ են «Էրեբունի» պետական արգելոցում պահպանվող ցորենի վայրի ազգակիցները կարևոր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Ի՞նչն է առանձնահատուկ դարձնում Հայաստանի կենսաբազմազանությունը, և ինչո՞ւ է դրա պահպանումը համաշխարհային նշանակության խնդիր։

Հայաստանում անցկացվող COP17 համաժողովի համատեքստում զրուցակիցները քննարկում են նաև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր երկրի առջև՝ միջազգային համագործակցության, բնության պահպանության ֆինանսավորման և երկարաժամկետ բնապահպանական նախաձեռնությունների իրականացման առումով։

Անդրադարձ է կատարվում նաև էկոհամակարգային ծառայություններին և դրանց նշանակությանը մեր առօրյա կյանքում, կենսաբազմազանության կորստի հետևանքներին, մինչև 2030 թվականը բնական տարածքների առնվազն 30%-ը պահպանելու համաշխարհային նպատակին և Հայաստանի ազգային թիրախներին։ Քննարկման կարևոր հարցերից է նաև յուրաքանչյուրիս դերը բնության պահպանության գործում. ինչպե՞ս կարող են մեր գիտելիքները, վերաբերմունքն ու ամենօրյա քայլերը նպաստել կենսաբազմազանության պահպանությանը։

«Կանաչ օրակարգ, Հայաստան» տեսափոդքաստաշարը ոչ միայն բնապահպանական թեմաները հանրությանը ներկայացնելու, այլև դրանց շուրջ քննարկումներում երիտասարդներին ակտիվ դերակատարություն տալու նախաձեռնություն է։ Այն հնարավորություն է ստեղծում, որ երիտասարդներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն մասնագետներին, խորացնեն գիտելիքները և սեփական տեսակետներով մասնակցեն Հայաստանի կանաչ ապագայի շուրջ քննարկումներին։